Կայքը օգտագործում է cookie ֆայլեր՝ կայքի օգտագործումը բարելավելու նպատակով:
ԼԱՎ
ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՈՒՆԻԿԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
Եկեք անկեղծ լինենք՝ մատների վրա կարելի է հաշվել բիզնեսները և բլոգները, որոնք իրոք ինչ-որ ակնհայտ յուրահատկություն ունեն։ Մենք կարող ենք օգտվել ինչ-որ ծառայությունից մեկ անգամ, և հաջորդ անգամ նույնիսկ չհիշել նրանց մասին, կամ ավելի վատ՝ հազարավոր նույնատիպ պրոդուկտ/ծառայություն առաջարկողների շարքում ուղղակի չնկատել մեծ մասին։ Արդյո՞ք այսպիսի ճակատագիր ենք ցանկանում մեր բիզնեսի համար։ Վստահ եմ՝ ոչ ))

Եվ այսպես՝ լինի դա բիզնես, թե բլոգ, մեր առաջ երկու գլխավոր խնդիր է դրված․

  • գտնել մեր յուրահատկությունը
  • ճիշտ մատուցել այն

Մի քանի կարևոր նկատառում․

մեծ թե փոքր բիզնեսների սեփականատերերի հետ շփվելիս հաճախ ենք բախվել նույն խնդրին՝ մարդիկ հաճախ յուրահատկություն են անվանում բացարձակ տրիվիալ բաներ, օրինակ՝ «մեր պրոդուկտը բարձր որակի է» և այլն։ Շատ կարևոր է մի պահ կտրվել ձեր՝ բիզնեսի սեփականատիրոջ կամ աշխատակցի դերից և նայել բիզնեսից պոտենցիալ հաճախորդի աչքերով։ Մի խոսքով՝ այս հարցում պետք է սկսել խիստ օբյեկտիվ լինելուց:

Նույնը վերաբերում է նաև բլոգներին։ Ձեզ կարող է թվալ, թե դուք շատ արժեքավոր և հետաքրքիր քոնթենթ եք տալիս, բայց ընթերցողի տեսանկյունից նայելիս տեսնեք բավականին միջին քոնթենթ։

Բլոգի դեպքում պետք է անընդհատ ճկուն լինեք, որպեսզի ոչ միայն ներգրավեք լսարան, այլև պահեք նրանց։ Այստեղ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն օգտակար, ինֆորմատիվ քոնթենթ՝ նոր եկած սառը լսարանի, այլև ավելի մտերմիկ, անձնական պոստեր հին լսարանի համար, ովքեր արդեն վաղուց գիտեն ձեզ ու արդեն ավելի շատ բան են սպասում։

Ունիկալ առևտրային առաջարկն ունի 3 կանոն․

  • Կոնկրետություն․ ընդհանուր բառերով կամ «ջրով» մարդկանց չեք գրավի։ Մոռացեք «շատ մատչելի», «նախադեպը չունեցող», «լավագույն» և այլ ոչինչ չասող բառերը։
  • Շահավետություն․ ձեր ունիկալ առաջարկը պետք է վերաբերի հաճախորդին/ընթերցողին իրոք հուզող բաներին։ Պատկերացրեք, որ հաճախորդը հարց է տվել՝ «Ինչո՞վ է ինձ համար շահավետ ձեր պրոդուկտը գնել», և պատասխան գտեք այդ հարցին։
  • Ունիկալություն․ շատ տրիվիալ է հնչում, բայց չի կարող ոլորտում 10 բիզնես նույն «ունիկալ» առաջարկն ունենալ։
Ուսումնասիրեք մրցակիցներին տեսեք՝ ի՞նչ են նրանք առաջարկում, ի՞նչ թույլ տեղեր ունեն, ի՞նչ առավելություններ ունեն։

Կազմեք թիրախային լսարանի դիմանկարը, հատկապես ուշադրություն դարձրեք նրանց «ցավերին»։ Դրանցից որի՞ն եք դուք լուծում տալիս, եկեք կենտրոնանանք դրա վրա, դարձնենք մեր ունիկալ առաջարկը։

Ահա մի քանի բանաձև՝ յուրահատուկ առաջարկը ձևակերպելու համար

  • Պրոդուկտ+շահ բանաձև․ ներկայացրեք պրոդուկտը՝ նշելով, թե ինչ շահ կստանա այն օգտագործողը։
Օրինակ՝ նշեք Ամանորը մեր հյուրանոցում և ստացեք մեկ տարվա համար 10% զեղչ։

  • «Օգտվեք» հաճախորդի վախերից և բացառեք դրանք․ օրինակ՝ մենք կվերանորոգենք ձեր տունը ճշգրիտ սահմանված ժամկետում և ոչ մի օր ավել։

  • Շահարկեք նիշայում որևէ չափանիշով միակը լինելը․ օրինակ՝ միակ օնլայն-գրախանութը Երևանում։

  • «Եթե․․․ ապա» բանաձև․ օրինակ՝ եթե մեր դասընթացն ավարտելուց հետո մեկ ամսվա ընթացքում չգտնեք աշխատանք, մենք կվերադարձնենք ձեզ դասընթացի արժեքը։

Խնդիրը հեշտանում է, երբ բիզնեսի կամ բլոգի հիմքում որևէ ռացիոնալ, օբյեկտիվ առավելություն կա, օրինակ՝ պրոդուկտը 100% բնական է, կամ դուք չեք օգտագործում, ի տարբերություն մրցակիցների, որևէ վնասակար բաղադրիչ։ Կամ, օրինակ, ձեր պրոդուկտը միշտ առկա է, մինչդեռ մրցակիցների մեծ մասը առաջարկում են գնորդներին սպասել 10-15 օր, մինչև ապրանքը ժամանի։ Կամ ձեր բլոգում ամեն օր կա սուպերօգտակար, ուրիշ ոչ մի տեղ չգտնվող ինֆորմացիա։

Բայց ի՞նչ անել, եթե ձեզ մոտ առաջին հայացքից ամեն ինչ բավականին միջին վիճակագրական է։


Այստեղ մեզ օգնության են գալիս էմոցիաները։

  • Օրինակ՝ դուք արտադրում եք բլոկնոտներ։ Շուկայում այնքաան բլոկնոտներ կան, մեկը մեկից որակով և գեղեցիկ, ամեն ոճի և ձևի, ինչպե՞ս տարբերվել։ Բլոկնոտների միջոցով մարդկանց ներգրավեք quest-ի մեջ․ ամեն բլոկնոտում թող լինի որևէ կոդ/ բանալի, որը գուշակելով հաճախորդը կգուշակի, թե ինչ անակնկալ եք իր համար պատրաստել։ Վստահ եղեք՝ հետաքրքրասիրությունը կհաղթի ))

  • Ես գիտեմ մի հայտնի բլոգերի, ով ունի իր բրենդը և երբեմն անձամբ է առաքում ապրանքը գնորդներին՝ դա դարձնելով բրենդի առանձնահատկությունը։ Հաշվի առնելով, որ պրոդուկտի գնորդների մեծ մասը հետևում և սիրում է հիմնադրին որպես բլոգեր, միշտ մեծ սիրով են որևէ բան գնում՝ նաև հանուն անձամբ շփման հնարավորության։

  • Ձեր պրոդուկտը կարող է լինել շատ սովորական, սակայն ինստագրամյան էջում կարողանաք ստեղծել հետաքրքիր մթնոլորտ, աուրա, որը մարդկանց մոտ կառաջացնի հենց ձեզնից գնում կատարելու ցանկություն։ Օրինակ՝ վաճառում եք գրքեր, բայց ամեն լուսանկարում գրքասերների համար երանելի մթնոլորտ է ստեղծած, օրինակ՝ լուսամուտագոգ, սուրճ, ձյուն․․․ և թեկուզ միայն այդ լուսանկարները լրահոսում տեսնելու համար մարդիկ կսկսեն հետևել ձեզ և շուտով կդառնան ձեր գնորդը։ Ըստ էության՝ դուք վաճառում եք գիրք+էմոցիա, ինչը ձեզ տարբերում է մյուս գրախանութներից։

Յուրահատկությունը գտնելուց հետո անհրաժեշտ է այն կանոնավոր կերպով ներկայացնել և պոստերում, և էջի նկարագրության մեջ։

Ո՞րն է ձեր բիզնեսի/ բլոգի յուրահատկությունը, ի՞նչ ունեք դուք, որ չունի ուրիշ ոչ ոք։
ԿԱՊ
  • ՀԱՍՑԵ՝ ք․ Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա, 37 շենք
  • ՀԵՌ․ ՀԱՄԱՐ՝ +374 15 777 111
  • ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ support@ssbacademy.am